Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը դատապարտել է Սարիբեկ Սուքիասյանի՝ գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր ձերբակալության փաստը:
«Սկսած այն պահից, երբ Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության պաշտպանության օգտին հրապարակավ հանդես եկավ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը եւ Սուքիասյանների ընտանիքը, նրանք եւս դարձան վարչախմբի ապօրինությունների առաջին թիրախներից մեկը»,- նշել են ՀԱԿ պատասխանատուներն եւ հավելել, որ փետրվարի 12-ին, շարունակելով գործարար այս ընտանիքի դեմ հալածանքները, ոստիկանական հատուկ ջոկատայինները, առանց որեւէ նախազգուշացման ու օրինական հիմք ներկայացնելու, բարբարոսական հարձակման են ենթարկել Սուքիասյաններին պատկանող «Սիլ» կոնցեռնի գրասենյակը եւ ոստիկանական բաժանմունք բերման ենթարկել «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին եւ կոնցեռնի աշխատակիցներից մեկին: «Նրանք ապօրինաբար պահվել են ոստիկանությունում՝ առանց կարգավիճակի ճշտման ու զրկված փաստաբանական օգնության հնարավորությունից: Այս առիթով ոստիկանության տարածած՝ հակասություններով լի պաշտոնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ վարչախումբը Սուքիասյանների վրա մի նոր հերթական գործ է սարքել, ու ներկայացված մեղադրանքները ոչ մի կապ չունեն իրականության հետ»:
«Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է ողջ հասարակությանը ահաբեկելուն միտված վարչախմբի հերթական այս խայտառակ քայլը, դա գնահատում որպես քաղաքական հաշվեհարդարի ցցուն մի նմուշ, դրա վրա հրավիրում տեղական եւ միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը եւ պահանջում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 16-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին են բերվել Սարիբեկ Սուքիասյանն ու եւ Արտաշ Ստեփանյանը, որոնց մեղադրում են մահվան սպառնալիքների տակ ոմն Դավթյանից ստորագրություն կորզելու մեջ: Նրանց արդեն ձերբակալվել են:
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը 2008թ. նախագահական ընտրություններին բացահայտ աջակցել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մարտի 1-ի դեպքերից հետո նա մեկուկես տարի գտնվում էր հետախուզման մեջ:




























