Բժիշկներին չի հաջողվել փրկել երեխային, ով ծնվել էր Նյու Յորքում ավտովթարից մոր մահից հետո:
Տեղական իշխանությունների փոխանցմամբ, տղան թերհաս էր ծնվել, եւ մահացել է ծննդից մի քանի ժամ անց, հայտնում է BBC-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր` մարտի 4-ի գիշերը, Բրուքլինում ծննդատուն գնալու ճանապարհին տեղի ունեցած սարսափելի ավտովթարի հետեւանքով մահացել էին երիտասարդ տղամարդն ու նրա հղի կինը: 21-ամյա Նաթանը եւ Ռեյզի Գլոբերը որոշել էին մեքենայով հասնել ծննդատուն այն բանից հետո, երբ Ռեյզիի մոտ սկսվել էին ծննդաբերության ցավերը: Զույգը գտնվել է տաքսիի մեջ, երբ խաչմերուկում մեծ արագությամբ նրանց մեքենային է բախվել BMW մակնիշի մեքենան: Հարվածի ուժն այնքան մեծ է եղել, որ հղի Ռեյզին դուրս էր թռել մեքենայից: Դեպքի վայր ժամանած փրկարարները անմիջապես չէին կարողացել գտնել երիտասարդ կնոջը, նրան գտել էին մոտակայքում գտնվող տրակտորի կցորդի մեջ:
Ռեյզիին անհապաղ տեղափոխել էին Մանհեթենի կենտրոնում գտնվող հիվանդանոց, որտեղ նա հասցրել էր ծննդաբերել ու անմիջապես մահացել էր: Նրա ամուսինն ու վարորդը եւս տեղափոխվել են հիվանդնաոց, բայց ամուսնուն փրկել չէր հաջողվել: Վթարի մեղավորը դեպքի վայրից դիմել էր փախուստի:




























