Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն փետրվարի 15-ին պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Նրան ուղեկցում են Իսրայելի տեղեկատվության եւ սփյուռքի նախարար Յուլի Էդելշտեյնը եւ կոալիցիայի նախագահ Զեեւ Էլկինը: Այսօր Նաթանյահուն կհանդիպի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Ինչպես հայտարարել է Նաթանյահուն, մոսկովյան բանակցությունների հիմնական թեմաները լինելու են Իրանի միջուկային ծրագիրը եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացի ապաշրջափակումը: Նրա խոսքով, Իսրայելի կառավարությունը համոզված է, որ անհրաժեշտ է ամենախիստ տնտեսական պատժամիջոցները կիրառել Իրանի դեմ: «Մենք շատ ենք գնահատում կապը Ռուսաստանի հետ եւ ցանկանում ենք, որպեսզի նա պաշտպանի Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ առանց նախապայմանների խաղաղ կարգավորման գործընթացը»,- ասել է նա:

Սա Իսրայելի վարչապետի առաջին այցելությունն է Ռուսաստան` իր պաշտոնավարումից ի վեր:

Միաժամանակ 2009-ի սեպտեմբերին իսրայելական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե Իսրայելի վարչապետը գաղտնի այցելել է Մոսկվա: Նման քայլի համար, ինչպես նշվում էր, հիմք է ծառայել ռուսական զենիթա-հրթիռային համակարգերի վաճառքը Իրանին:

Երուսաղեմում կարծում են, որ Ռուսաստանն այս անգամ կհամաձայնի իրանական կազմակերպությունների դեմ պատժամիջոցների կիրառմանը, որոնք պատասխանատու են երկրում ատոմային ծրագրերի զարգացման համար: