Մարտի 6-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի:
Հանդիպմանը նա գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների շարունակական զարգացման առիթով` ընդգծելով, որ նման այցելությունները պիտի նպաստեն հայ-գերմանական համագործակցության առավել ընդլայնմանը` ի նպաստ երկու ժողովուրդների:
Գարեգին Բ-ն ի դեմս տիար Նորբերթ Լամմերթի իր գնահատանքն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման համար: Նորին Սրբությունը նաեւ գոհունակությամբ անդրադարձավ Գերմանիայի իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերվող զորակցությանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկրի սոցիալ-տնտեսական վիճակին ու կրոնական կյանքին, Հայ Եկեղեցու դերակատարությանն ու առաքելությանը հասարակության կյանքում եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հոգեւոր առաջնորդների հանդիպումներին:




























