Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը հույս ունի, որ Վիլնյուսում նոյեմբերին նախատեսված «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Հայաստանը եվրաինտեգրման գործընթացում շոշափելի հաջողությունների հասած կլինի: Այդ մասին Լիտվայի արտգործնախարարը հայտնել է այսօր՝ մարտի 7-ին, Երեւանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Ընդգծելով տարածաշրջանում ծրագրի զարգացում տեսնելու եվրոպական կողմի ցանկությունը, հատկապես՝ հակամարտությունների առկայության համատեքստում, նախարարը հիշեցրել է, որ ամեն երկիր սեփական օրակարգն ունի: Հայաստանի առնչությամբ նա ընդգծել է, թե հույս ունի, որ գագաթաժողովի օրերին ավարտված կլինեն ասոցացման մասին համաձայնագրի եւ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները: «Դա շատ մեծ առաջընթաց կլինի, եւ մենք Հայաստանին հաջողություն ենք մաղթում», - նշել է Լիտվայի արտգործնախարարը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























