Հայաստանի եւ Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ մարտի 7-ին կայացած համատեղ ասուլիսում:
Նալբանդյանը նշել է, թե վերջին 3 տարում սա երկու երկրների ԱԳ նախարարների 6-րդ հանդիպումն է: Նրա խոսքով, պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակել խորհրդատվությունները, ակտիվացնել պայմանավորվածությունների իրականացումը, որ ձեռք էին բերվել Լիտվայի նախագահի Հայաստան այցի ընթացքում, քննարկվել է համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, մշակութային կապերի խորացումը: «Ես իմ լիտվացի գործընկերոջը տեղեկացրել եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, Հայաստանի եւ համանախագահների մոտեցումների մասին»,- ասել է Նալբանդյանը:
Իր հերթին Լիտվայի ԱԳ նախարարը նշել է, թե ուրախ է կրկին Հայաստան գալու համար, ավելի վաղ նա ժամանել էր պաշտպանության նախարարի կարգավիճակում: Նրա խոսքով, ռազմական ոլորտը եւս քննարկվել է հանդիպման ընթացքում, սակայն այցի հիմնական նպատակը եվրաինտեգրում է` հաշվի առնելով, որ Լիտվան տարվա երկրորդ կեսին կնախագահի Եվրամիությունում:
Նախարարների միջեւ բանակցությունները կշարունակվեն աշխատանքային ճաշի ընթացքում:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























