Տեղեկատվական անվտանգության ռիսկերը ավելի են կարեւորվում ինտերնետի տարածմանը զուգահեռ: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Ապագա Թեքնոլոջիս» ընկերության տնօրեն Միշել Դավուդյանը։ «Վիճակագրությամբ՝ 2 մլն նամակներից, ըստ էության, ընդամենը 1000-ն է նամակ, իսկ մնացածը սպամ է»,- ասաց Մ. Դավուդյանը՝ ավելացնելով, որ էլեկտրոնային նամակների ֆիլտրումն այսօր տեղեկատվական անվտանգության ապահովման հրատապ խնդիրներից է:
Ըստ նրա` ինտերնետի զարգացմանը զուգահեռ ավելի են մեծանում տեղեկատվության անվտանգության հնարավոր ռիսկերը։ «Հայաստանում դեռ ինտերնետը զարգացած չէ, ռիսկերը ավելի քիչ են, սակայն վերջերս այն սկսել է արագ զարգանալ, եւ անվտանգության հարցը կրկնակի կարեւոր է դարձել, քանի որ կիբերհանցագործները թույլ պաշտպանությամբ տարածքներ են որոնում հարձակման համար»,- նշեց Դավուդյանը՝ ավելացնելով, որ ամբողջ աշխարհում կիբերհանցագործների պատճառած վնասը մի քանի հարյուր միլիոն դոլար է կազմում։
Դավուդյանը քննարկման ժամանակ ընդգծեց, որ տեղեկատվական անվտանգությանը լուրջ ուշադրություն պետք է դարձնեն հատկապես ընկերությունները, եւ բանկերը, որովհետեւ այժմ ընկերությունների բոլոր գաղտնիքները ինտերնետի միջոցով են փոխանցվում։
Տեղեկացնենք, որ Հայաստանում «Ապագա Թեքնոլոջիս»-ը ինտերնետի, ներքին ցանցերի, ինչպես նաեւ տվյալների համար նախատեսված անվտանգության լուծումներ է առաջարկում, որոնք արդեն փորձարկվել են եւ գործածվում են եվրոպական մի շարք երկրներում:




























