Հայաստանը մնում է տղամարդկային մշակույթի երկիր: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ տղամարդիկ կյանքի առումով ավելի վտանգված են, եւ քանի որ Հայաստանը միշտ եղել է  վտանգված վիճակում, այդ պատճառով էլ տղամարդիկ եղել են  առաջնային, «Սա ռեալ իրավիճակ է, բայց այդ սովորույթը տեղափոխվում է այլ ոլորտներ՝ քաղաքականություն, ղեկավարություն  եւ այլն»,- նշեց նա՝ ցանկություն հայտնելով, որ տղամարդկային մշակույթի ներքո թույլ տան արժանի տեղ զբաղեցնել կնոջը, այդ ժամանակ տղամարդկանց պատիվը ավելի բարձր կլինի: Նա շեշտեց, որ կանայք պետք է լինեն անկաշականդ, դիրքորոշումները, գիտելիքները հստակեցնեն, լինեն խիզախ:

«Ինձ համար մեծ պատիվ է շնորհավորել  բոլոր այն կանանց, որոնք ապրում են սահմանապահ գյուղերում, նրանց ամենօրյա կյանքը հերոսություն է: Այն ժամանակ է գյուղը մնում, երբ կինը չի պնդում, որ պետք է վտանգից փախչել, հետ չի պահում ամուսնուն, որդուն առաջին գծում կանգնելուց:  Ես ուզում եմ, որ մենք հիշենք, որ այսօր պայքարի օր է, բոորիդ ցանկանում եմ, որ զգաք, որ ոչ միայն կարող եք մասնակցել մեր բոլոր ոլորտներում, այլեւ պարտավոր եք մասնակցել: Այն ներուժը, որն ունի հայ կինը, կփոխի մեր երկրի դեմքը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը` հավելելով, որ կանայք կարող են երկիրը բերել իրավական վիճակի եւ կառուցել լավ երկիր:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am