Կրասնոդարի մարզում սպանել են Մինգրելյան ավանի ատաման Սերգեյ Օսմինինին: Ինչպես իր Twitter-ում հայտնում է նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւը, ատամանին գնդակահարել են որսորդական զենքից, երբ նա օգնել է ոստիկանությանը` հանդարտեցնել հունից դուրս եկած քաղաքացուն: Վիրավորվել է նաեւ կազակ Անդրեյ Շեյնը:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 8-ի գիշերը: «Ինտերֆաքսի» տվյալներով` նախկինում տարբեր հոդվածներով դատապարտված տեղի բնակիչներից մեկը եկել է իր նախկին ընկերուհու տուն եւ սկանդալ հրահրել: Տղամարդու ձեռքին զենք է եղել եւ նա երկու մարդու պատանդ է վերցրել:
Հարեւանները ոստիկանություն են կանչել: Ոստիկանների հետ միասին դեպքի վայր է եկել նաեւ ավանի ատամանը եւս մեկ կազակի հետ, որպեսզի խոսեն հանցագործի հետ, բայց փոխարենը հնչել են կրակոցներ:
Ոստիկաններին, ի վերջո, հաջողվել է ձերբակալել տղամարդուն: Զոհված ատամանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 9-ին:




























