Ռուսաստանի առաջին գեղեցկուհի Էլմիրա Աբդրազակովան հանդես է եկել ի պաշտպանություն Pussy Riot փանք խմբի աղջիկների: Հիսուս Փրկչի տաճարում փանք աղոթքն Աբդրազակովան անվանել է «ապստամբություն եկեղեցում»: Նա նշել է, որ, թեեւ տաճարն իր համար սրբավայր է, սակայն դատավճիռը շատ խիստ է համարում:

Գեղեցկության մրցույթի 18-ամյա հաղթող աղջիկն իր կարծիքը հայտնել է «Նորությունների ռուսական ծառայությունում»: Նրա խոսքով` խմբի անդամների կատարած փանք աղոթքն իր համար անընդունելի է: «Ես ավարտել եմ կիրակնօրյա դպրոց եւ վանքն ինձ համար սրբավայր է»,- պարզաբանել է նա:

Այդուհանդերձ, ըստ գեղեցկուհու, դատավճիռը շատ խիստ է: Նա ճիշտ է համարել, որ Նադեժդա Տոլոկոննիկովայի, Մարիա Ալխինայի, եւ Եկատերինա Սամուցեւիչի հետ պետք էր «որոշակի աշխատանքներ» տանել:Պետք էր փոխել աղջիկների աշխարհայացքը, ասել է Ռուսաստանի առաջին գեղեցկուհին: