Երեկ «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան մրցույթից հետո, որի արդյունքներով հաղթող է ճանաչվել Եվա Ռիվասը, կրքեր են բորբոքվել: Անգամ հեռուստաէկրանների դիմաց նստածների համար տեսանելի էր, որ Ռիվասի անունը հայտարարելուց հետո դահլիճն անմիջապես սկսեց դատարկվել, իսկ բեմից ցուցադրաբար հեռացան մրցույթի մասնակիցներ Էմմին ու Միհրանը: Քիչ անց բեմը լքեց նաեւ Ռազմիկ Ամյանը:

Էմմի մայրը` Նադեժդա Սարգսյանը նշել է, որ իրենց համոզմամբ, էմմիի եւ Ռազմիկ Ամյանի օգտին ուղարկվող հաղորդագրությունները (SMS) արգելափակված են եղել: Նա նաեւ տեղեկացրել է, որ հիմա հավաքում են իրենց ձեռքի տակ եղած փաստերը, որպեսզի կարողանան օրինական կերպով ապացուցել դա: Էմմիի երկրպագուներից շատերը եւս նշում են, որ իրենց հաղորդագրությունները տեղ չեն հասել:

Հնարավոր է, որ Emmy-B պրոդյուսերական կենտրոնը այս խնդրով դիմի դատարան: Նադեժդա Սարգսյանը զարմանք է հայտնել, թե «ինչպե՞ս է հնարավոր, որ հայ հանդիսատեսին քաջ հայտնի Էմմին և Ռազմիկ Ամյանը 1400 հաղորդագրություն են ստանում, իսկ բոլորովին անհայտ մեկը՝ 6000-ից ավել»:

Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, Եվա Ռիվասին աջակցում է հայտնի գործարար, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրը` Սամվել Կարապետյանը: