Գործարար, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին՝ Խաչատուր Սուքիասյանի եղբորը եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին ազատ են արձակել ոստիկանությունից՝ քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Սուքիասյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Վերջինս նշեց նաեւ, որ իր պաշտպանյալին մեղադրանք չեն առաջադրել:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված Սարիբեկ Սուքիասյանը եւ Արտաշ Ստեփանյանը ձերբակալվել էին:

Ըստ ոստիկանության հաղորդագրության` նրանք «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանից մահվան սպառնալիքների տակ ստորագրություն էին կորզել: Ըստ ընդդիմոթւյան ներկայացուցիչների՝ այդ մեղադրանքն անհիմն էր եւ պարզապես քաղաքական հաշվեհարդար է գործարարի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը 2008թ. նախագահական ընտրություններին բացահայտ աջակցել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մարտի 1-ի դեպքերից հետո նա մեկուկես տարի գտնվում էր հետախուզման մեջ: