Հանգստյան օրերի ընթացքում Սիբիրի ձյունածածկ ճանապարհներին տասը մարդ է զոհվել: Երեք մարդու` վարորդին եւ երկու ուղեւորներին, ավտոմեքենայում մահացած վիճակում գտել էին Ուսկովսկայա-Ուսպենսկ ավտոճանապարհը ձյունից մաքրելիս: Կատարածի մասին հայտնել են ճանապարհային ծառայության աշխատակիցները: Մեքենայում հայտնաբերվել են 1971թ. ծնված տղամարդու եւ 1975 եւ 1976թթ. ծնված կանանց դիակները: Հետաքննությունը մի քանի վարկած է դիտարկում` վարորդը եւ ուղեւորները կարող էին թունավորվել գազից կամ սառչել:

Նովոսիբիրսկի մարզի Կույբիշեւում մարտի 10-ի գիշերը շնչահեղձ են եղել նաեւ չորս երիտասարդ տղամարդիկ: Ենթադրվում է, որ նրանք թունավորվել են գազից, մեքենայի վառարանն անսարք է եղել: Նմանատիպ հանգամանքներում երեք մարդ են զոհվել նաեւ Ալթայի երկրամասում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ այս հանգստյան օրերին Սիբիրի մի շարք շրջաններում ուժեղ ձնաբուքեր եւ ձյան առատ տեղումներ են եղել, որոնք հանգեցրել էին դաշնային մայրուղիներում խցանումների, մի շարք ճանապարհներ փակ են եղել երթեւեկության համար: