«Ժառանգություն» խմբակցության անունից Ստյոպա Սաֆարյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված երկօրյա ժամկետում պետք է շրջանառության մեջ դնի խորհրդարան մտցրած հայ-թուրքական արձանագրությունները եւ նշանակի գլխադասային հանձնաժողով:

Աժ նախագահին ուղղված նամակում, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-թուրքական արձանագրություններն անկասկած հետեւանքներ են ունենալու Հայաստանի` անխտիր բոլոր համակարգերի վրա (քաղաքական, ֆինանսատնտեսական, սոցիալ-մշակութային, տարածքային, անվտանգության, պաշտպանական, մարդու իրավունքներ, տեղեկատվական եւ այլն), „Ժառանգություն“ խմբակցությունը դիմում է Ձեզ, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները, բացի գլխադասային նշանակված մշտական հանձնաժողովից, քննարկման ուղարկեք նաեւ ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովներ, որոնք ԱԺ նիստում հարցի քննարկման ժամանակ հարակից զեկույց կներկայացնեն իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում այդ արձանագրություններով նախատեսված գործառույթների ունենալիք հնարավոր ազդեցության կապակցությամբ»:

Ժառանգություն խմբակցության պատգամավորները, ովքեր միաժամանակ անդամակցում են ԱԺ 2 մշտական հանձնաժողովների, նույնաբովանդակ նամակներով դիմել են 12 հանձնաժողովների նախագահներին, որոնցում, մասնավորապես, խնդրել են. «դիմում եմ Ձեզ, որպեսզի մեր հանձնաժողովը նախ խորհրդարանական լսումներ կազմակերպի հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող ոլորտներում այդ արձանագրություններով նախատեսված գործառույթների ունենալիք հնարավոր ազդեցության գնահատման նպատակով: Առաջարկում եմ, որ ԱԺ նախագահի կողմից գլխադասային նշանակված հանձնաժողովից բացի, արձանագրությունները քննարկվեն նաեւ մեր հանձնաժողովում եւ խնդրո առնչությամբ հարակից զեկույց ներկայացվի ԱԺ նիստում»: