Ստամբուլի Բաքըրքյոյի դատախազությունը հրաժարվել է ընթացք տալ Yeni Akit պարբերականի դեմ ներկայացված բողոքին։ Այլատյացություն եւ խտրականություն քարոզող հրապարակումներով հայտնի Yeni Akit-ը մի հրապարակման մեջ նույնասեռականների վերաբերյալ օգտագործել էր «այլասերվածներ» բառը, որից հետո թերթի դեմ մի շարք հասարակական կազմակերպություններ հայց են ներկայացրել։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Բաքըրքյոյի դատախազությունը որոշում է կայացրել, որ Yani Akit պարբերականի «Այլասերվածները դպրոց են ներխուժել» հրապարակման մեջ նույնասեռականների համար «այլասերված» բառը օգտագործելը տեղավորվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ կետով նախատեսված խոսքի ազատության շրջանակներում եւ հրաժարվել է ընդունել դատական հայցը։
Հայցի մերժումից հետո հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքարկել են դատախազության որոշումը Ստամբուլի ծանր հանցագործություների գործերով դատարանում՝ շեշտելով, որ Yeni Akit-ը նույնասեռականներին «այլասերված» անվանելով նրանց թիրախ է դարձնում։



























