Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակը մարտի 15-ին քննարկում կկազմակերպի Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց` հաճախ անտեսվող խնդիրներին:  

Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանայք մշտապես բախվում են ֆիզիկական եւ սոցիալական խոչընդոտների:  Նրանց կրթության, զբաղվածության, ընտանիք ունենալու, ինչպես նաեւ առողջապահական իրավունքներն էլ շատ դեպքերում ոտնահարվում են:

Վերջին երկու ամիսների ընթացքում IWPR-ի Կովկասյան լրատու պարբերականը բազմիցս անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին: 

Հաշմանդամների իրավունքների պաշտպանության համար պայքարող ակտիվիստները պնդում են, որ շատ խնդիրներ պետք է լուծվեն պատկան մարմինների կողմից, մինչդեռ տեղական իշխանությունները նշում են, որ պետական բյուջեից միջոցներ չեն հատկացվում վերջիններիս լուծման համար: 

Գյումրիի «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի հոգեբան Քրիստինե Աղանյանը կխոսի հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկների  սեռական կյանքի եւ վերարտադրողական առողջության  հետ կապված հիմնախնդիրների եւ հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ բռնության դրսեւորման ձեւերի մասին: 

Հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրների լուծման ներառական մոտեցման մասին կպատմի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը:

Քննարկմանը հաշմանդամության ոլորտի պետական քաղաքականությունը, քաղաքականության նոր ուղղությունները, հաշմանդամության ոլորտում իրականացվող  օրենսդրական բարեփոխումները կներկայացնի ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ Աննա Հակոբյանը: 

Միջոցառումը իրականացվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի շրջանակներում, որ գործում է Նորվեգիայի Արտաքին  գործերի  նախարարության աջակցությամբ: