Երեկ համաներմամբ ազատ են արձակվել եւս 4 քաղբանտարկալներ: Ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը, որը քրեական դատարանի վճռով դատապարտվել էր 2,5 տարվա ազատազրկման: Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական լիազորություններն անցնելու եւ բանտարկյալին ծեծի ենթարկելու մեղադրանքով, թեեւ դատարանի դահլիճում մեղադրող կողմը չկարողացավ ապացուցել նրա մեղքը, իսկ Հովհաննիսյանի դեմ ցուցմունք տվողները հակասական ցուցմունքներ էին տալիս: Հիշեցնենք, որ Գագիկ Հովհաննիսյանի հայրը` Քրեակատարողական վարչության նախկին պետ Համլետ Հովհաննիսյանը ներկայումս հետախուզման մեջ է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Ազատ են արձակվել նաեւ Ջանֆիդա գյուղի բնակիչներ Մկրտիչ եւ Արմենակ Աբրահամյանները, որոնց միակ մեղքն այն էր, որ իրենց եղբայրը «Հանրապետություն» կուսակցության տարածքային կառույցի ղեկավարն է:

Երեկ ազատ է արձակվել նաեւ ՀԺկ անդամ Սամվել Կարապետյանը: Վերջինս դատապարտվել էր նախագահական ընտրությունների օրը հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու համար, երբ… կանխել էր լցոնումը: