Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 2,5 անգամ (փետրվարի 18-24-ը` 5033, փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688): Այն պայմանավորված է ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ, այնպես էլ հիվանդանոցներ բնակչության ակտիվ դիմելիությամբ եւ գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնայնության այժմյան օրինաչափությամբ:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, թե չնայած բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպություններ բարձր դիմելիությանը, նշված հիվանդություններով նվազում են շտապօգնության կանչերը` ինչպես սուր շնչառական վարակների, այնպես էլ թոքաբորբերի դեպքերում:
Իրականացվող մշտադիտարկման եւ համաճարակաբանական վերլուծության արդյունքներով` ներկայումս հանրապետության բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպությունուններում բուժում են ստանում.
Մարզերում`
սուր շնչառական վարակներով 214 հիվանդ,
թոքաբորբերի թեթեւ ձեւերով 98 հիվանդ,
Երեւանում`
սուր շնչառական վարակներով 353 հիվանդ,
թոքաբորբի թեթեւ ձեւերով 106 հիվանդ:
Երեւանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը հիմնականում գնահատվում է միջին ծանրության։ Միայն մեկ հիվանդի վիճակն է գնահատվում ծանր` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով եւ ուշ դիմելիությամբ:
Կազմակերպված եւ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրված դեպքերի գրեթե 70%-ը պայմանավորված է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակով, 20%-ը` գրիպի Բ տեսակով: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են նաեւ շնչառական այլ վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:
Համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ հիվանդացության աճը պայմանավորված է բնակչության կողմից գրիպի եւ սուր շնչառական վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ոչ հետեւողական իրականացմամբ (հիվանդների աշխատանքի, ուսումնական հաստատություններ հաճախումը, միջոցառումներին մասնակցությունը եւ այլն)` չնայած ՀՀ առողջապահության նախարարության բազմաթիվ հորդորներին:
Կարեւորելով վերը նշվածը եւ հաշվի առնելով գրիպի եւ սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ինչպես նաեւ ներկայումս սուր շնչառական վարակներով հիվանդացության աճը` ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում եւ հիշեցնում է.
• գրիպանման երեւույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բարձրագույն ուսումնական հաստատություններ
• չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման եւ նոր դեպքերի առաջացման ու տարածման
• չշփվել գրիպանման երեւույթներով անձանց հետ
• եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ` պահպանել 2մ հեռավորություն
• չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, կազմակերպել բժշկի այցը տուն
• պահպանել հազալու եւ փռշտալու վարվելակարգը
• խստորեն հետեւել անձնական հիգիենային
• հագնվել եղանակին համահունչ
• հաճախակի օդափոխել փակ տարածքները:



























