Քրդերը PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) առաջնորդ Աբդուլահ Օջալանի ձերբակալման 11-րդ տարին Թուրքիայի տարբեր քաղաքներում դիմավորել են փողոցներում բարիկադներով, այրվող անվադողերով, ոստիկանության հետ կատաղի բախումներով եւ կրակոցներով:
Փետրվարի 15-ին` Իմրալի կղզում ցմահ դատապարտված Աբդուլահ Օջալանի ձերբակալման օրը Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանության եւ քուրդ ցուցարարների միջեւ լուրջ բախումներ են տեղի ունեցել: Տասնյակ վիրավորներ են տեղափոխվել հիվանդանոցներ, այդ թվում՝ ոստիկաններ:
Ստամբուլում բողոքի գործողություններին մասնակցել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սաբահաթ Թունջելը: Ստամբուլում ձերբակալվել են բազմաթիվ բողոքավորներ եւ հիվանդանոց են տեղափոխվել որոշ վիրավորներ:
Իրադրությունը լարված է նաեւ Դիարբեքիրում: Այստեղ կրկին բողոքի գործողությունները ղեկավարել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորներից մեկը: Ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ: Բազմաթիվ բողոքավորներ են ձերբակալվել:
Շրնաքում եւ Ջիզրեյում քուրդ ցուցարարները բարիկադներ են կառուցել, այրել են անվադողեր: Այստեղ հնչել են կրակոցներ: Դեպքի վայրից ոստիկանության ուժերը հետ են քաշվել եւ տեղը զիջել ժամանած հատուկ նշանակության ջոկատի մարտիկներին:
Բողոքի գործողությունները եւ բախումները շարունակվել են Բաթմանում, Մերսինում Բայազետում եւ այլ քաղաքներում:




























