Հայաստանում «Իսպանական կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել է մրցույթ, որի հաղթողը մայիս ամսին 5 օրով անվճար կմեկնի Բարսելոնա։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կազմակերպության նախագահ Աշոտ Փարսյանը մանրամասնեց, որ մրցույթին կարող են մասնակցել 18 տարին բոլորած Հայաստանի քաղաքացիները, ովքեր պետք է սիրողական հոլովակ նկարահանեն այն մասին, թե ինչի՞ են պատրաստ անել հանուն Բարսելոնա մեկնելու։ «Ակնկալում ենք, որ մեծ ակտիվություն կգրանցվի հատկապես իսպաներենին տիրապետող երիտասարդների շրջանակում: Ի դեպ, վերջերս իսպաներենը Հայաստանում տարածում է գտնում և դառնում մոդայիկ: Երիտասարդները կարեւորություն են տալիս այս լեզվին, քանի որ աշխարհի 22 երկրում իսպաներենը պետական լեզու է»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ակնկալում են տեսնել գործողություն պարունակող կրեատիվ հոլովակներ։
Նշենք, որ ըստ մրցույթի պայմանների, տեսահոլովակի տևողությունը չպետք է գերազանցի 60 վայրկյանը, իսկ նկարահանման սարքերի վերաբերյալ որևէ սահմանափակում չկա։ Նկարահանումը կարող է կատարվել նաև հեռախոսով։
Պատրաստի հոլովակները պետք է ներբեռնել YouTube, իսկ հղումը ուղարկել [email protected] հասցեին մինչև մարտի 30-ը ներառյալ, որից հետո բոլոր հոլովակերը կտեղադրվեն centrohispano.am կայքում և կսկսվի քվեարկությունը: Հաղթող է ճանաչվելու ամենաշատ ձայն հավաքած տեսահոլովակը։



























