ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրամիության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի եւ Միջազգային Բանտային Բարեփոխումներ կազմակերպության հետ համագործակցությամբ այսօր՝ մարտի 13-ին, ներկայացրել է Հայաստանում Անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի եւ խոշտանգումների մասին ուսումնասիրությունը՝ անչափահասների արդարադատության համատեքստում:
Ուսումնասիրությունը, որն իրականացվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կրիտիկական զանգվածի ընդգրկումը. Եվրոպական հարեւանության երկրներում խոշտանգման եւ դաժան վերաբերմունքի դեմ Անչափահասների արդարադատության համակարգի բարեփոխումների ամբողջացում» ծրագրի շրջանակներում, բացահայտել է թե՜ մինչ դատավարությունը եւ թե՜ դատավարության ընթացքում, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող անչափահասների իրավունքների լուրջ ոտնահարման դեպքեր:
Ուսումնասիրության համար հարցազրույց անցած 82 անչափահասներից մոտ 21 տոկոսն իրազեկված չէր ձերբակալման պատճառների մասին, մինչդեռ 42 տոկոսը չէր կարդացել ձերբակալության արձանագրությունը՝ նախքան այն ստորագրելը: Թեեւ դեպքերի մեծ մասում անչափահասները կալանավորման կամ ձերբակալման ժամանակ իրազեկված էին իրենց իրավունքների մասին, անչափահասների 31 տոկոսն ընդունել է, որ նրանք երբեք չեն իրազեկվել իրենց իրավունքների մասին: Համաձայն այս ուսումնասիրության անչափահասների հարցաքննության դեպքերի մեծ մասում փաստաբանները ներկա չեն եղել:
Անչափահասների հետ անցկացրած հարցազրույցները նաեւ բացահայտել են, որ դաժան վերաբերմունքի ամենատարածված ձեւերը խոստովանություն ձեռքբերելու նպատակով կիրառվող ծեծն ու ֆիզիկական ճնշումն էր: 8 երեխա նշել է, որ նրանք ոստիկանությունում ֆիզիկական բռնության են ենթարկվել: Խոսելով դատավճիռների եւ դատավարության ժամանակ դատավորների կատարողականի մասին՝ հարցազրույցն անցած անչափահասների կեսը համաձայնել է, որ նրանք արդար են եղել, մինչդեռ 32 տոկոսն ընդունել է, որ ոչ դատավորը, եւ ոչ էլ դատավճիռն արդար չի եղել՝ ելնելով նախկինում իրենց դատված լինելու հանգամանքից:
«Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան նախատեսում է անչափահասների արդարադատության վերաբերյալ համապարփակ քաղաքականության մշակում եւ իրականացում, մինչդեռ այսօր Հայաստանում անչափահաս իրավախախտների պաշտպանությունը պատշաճ ձեւով չի իրականացվում: Անչափահասների դատավարությունները չեն իրականացվում երեխաների համար մատչելի լեզվով, երեխաների լավագույն շահը, նրանց տարիքը հաճախ հաշվի չի առնվում»,- նշել է Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն՝ ավելացնելով, որ այս ուսումնասիրությունը բազմաթիվ սխալներ է վերհանել, որոնց համար մի շարք համալիր միջոցառումներ են անհրաժեշտ:
«Քաղաքականությունը եւ օրենսդրությունը միակ ոլորտները չեն, որոնցում միջոցառումներ են անհրաժեշտ դաժան վերաբերմունքից երեխաների պաշտպանությունն ապահովելու նպատակով: Տուժողներին օժանդակելու նպատակով արդյունավետ միջամտություններ եւ կանխարգելիչ նախաձեռնություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ստեղծել տարբեր մասնագետների համագործակցության մեխանիզմ, որին ներգրավված կլինեն ոստիկանության, արդարադատության ոլորտների ներակայացուցիչներ, ինչպես նաեւ՝ սոցիալական աշխատողներ եւ հոգեբաններ»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը՝ շեշտելով, որ Հայաստանում արդեն իսկ գործող համայնքային վերականգնողական կենտրոնները կարեւոր գործառույթ կարող են կատարել օրենքի հետ խնդիր ունեցող եւ իրավախախտ երեխաներին, նրանց ընտանիքներին ու տուժածներին վերականգնողական ծառայություններ մատուցելու, ինչպես նաեւ խոշտանգման եւ դաժան վերաբերմունքի դեպքերի հայտնաբերմանն ու հաղորդմանն աջակցելու հարցում:
«Եվրամիությունը պատրաստ է հայտնել աջակցելու անչափահասների արդարադատության համապարփակ համակարգի ստեղծմանը եւ մասնավորապես դաժան վերաբերմունքի եւ խոշտանգման դեմ ուղղված բարեփոխումներին»,-նշել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության առաջին խորհրդական, պրն Օննո Սիմոնսը: Նա նաեւ անդրադարձել է ուսումնասիրության արդյունքում վերհանված տվյալներին եւ կոչ արեց հրատապ քայլեր ձեռնարկել դրանց արձագանքելու համար:
Այս ուսումնասիրությունը ոչ միայն փաստեր է տրամադրում, այլ նաեւ կոչ է անում կոնկրետ քայլեր իրականացնել օրենքի հետ խնդիր ունեցող եւ իրավախախտ երեխաների իրավունքները ապահովելու համար՝ հատուկ շեշտ դնելով օրենսդրական փոփոխությունների վրա, որպեսզի դրանք համապատասխանեցվեն միջազգային համաձայնագրերին՝ արգելելով դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը, մասնավորապես երեխաների հանդեպ: Ավելին, սույն ուսումնասիրությունը կոչ է անում անչափահասների ազատազրկման փոխարեն այլընտրանքային միջոցների լայն կիրառում եւ ավելի սերտ համագործակցություն տարբեր համայնքային ծառայությունների միջեւ նրանց վերականգման եւ հասարակության մեջ վերաինտեգրման համար:



























