2012 թվականը Երեւան քաղաքի միջազգային համագործակցության առումով բավականին արդյունավետ տարի է եղել: Այս մասին նշել է Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը, հավելելով, որ Երեւանը գործակցային կապեր ունի արտերկրյա 50 քաղաքների հետ, ընդ որում, դրանցից 36–ի հետ՝ պայմանագրային համագործակցության՝ հիմնված համաձայնագրերի, պայմանագրերի, ծրագրերի վրա։

«Երեւանի միջազգային համագործակցությունն ու արտաքին կապերը ուղղված են դեպի Երեւան քաղաք ռեսուրսների ներգրավմանը, միջազգային համագործակցության աշխարհագրության ընդլայնմանը եւ Երեւան քաղաքը ավելի ճանաչելի ու գրավիչ դարձնելուն»,– ներկայացրել է Դավիթ Գեւորգյանը։

Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը անցյալ տարին կարեւորել է իրականացած մի շարք այցերով, փոխայցերով ու նոր համագործակցությունների ձեռքբերումով։ Դավիթ Գեւորգյանը նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնական այցերը Մարսել, Լիոն, որոնց ընթացքում քույր քաղաքների գործակցությանն առնչվեղ հարցերի լայն շրջանակ է քննարկվել։

«Երեւանի միջազգային կապերը տարեցտարի ընդլայնվում են, որովհետեւ նաեւ Երեւան քաղաքը, որպես համաշխարհային քաղաքների ցանցի միավոր, տարեցտարի ավելի գրավիչ է դառնում մեր գործընկերների համար։ 2013 թվականին եւս մենք նպատակ ունենք, եւ դա քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքորոշումն է, ավելի ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը՝ հստակ, արդյունավետ ծրագրերի նախապատրաստման եւ իրականացման ճանապարհով։ Մասնավորապես, ներկայում մշակման փուլում է Թեհրանի քաղաքապետարանի հետ լայնամասշտաբ համագործակցության ծրագրիը։  Էլ–Քուվեյթի, Ստավրոպոլի, Բուխարեստի հետ եւս լայն գործակցության ենք նախապատրաստվում»,– նշել է Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը։

Համագործակցությունների համատեքստում բանախոսը Երեւանի համար առանձնակի կարեւորների թվին է դասում Երեւան եւ Ստեփանակերտ քաղաքների միջեւ արդեն պաշտոնական համագործակցության հաստատումը, որը հիմնված է ծրագրային համագործակցության վրա։

Ըստ Դավիթ Գեւորգյանի՝ Երեւանի քաղաքապետարանի համար կարեւորագույն խնդիրներից  է նաեւ գործընկեր քաղաքների հետ փորձի փոխանակումը։ Որպես լավագույն օրինակ՝ Դավիթ Գեւորգյանը նշել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանում Լիոնի այգու հիմնումը, որը կառուցվել է համաֆինանսավորմամբ եւ Լիոնի այգիների կազմակերպման փորձի հիման վրա։

«Մեր համագործակցության կարեւոր ուղղություններից է նաեւ համագործակցությունը միջազգային՝ եվրոպական եւ տարածաշրջանային կառույցների հետ»,– նշել է Դավիթ Գեւորգյանը՝ մասնավորելով Երեւանի անդամակցումը Եվրոսիթիզ Եվրոպական քաղաքների համայնքին, որն ընդգրկում է եվրոպական եւ տարածաշրջանային 170 քաղաք։

2012 թվականը Երեւանում նաեւ մեծ միջոցառումներով հագեցած տարի է եղել։ Երեւանի գործընկեր քաղաքներից մեծ պատվիրակություններ է ընդունել Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու, ապա Երեւանի 2794–ամյակի տոնակատարություններին։ Անցյալ տարի Երեւանում անցկացվել են Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ քաղաքների օրերը։