Այսօր՝ մարտի 13-ի առավոտյան, Բեսթ Վեսթեռն Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում տեղի է ունեցել «Պատժողական քաղաքականությունը ՀՀ-ում» թեմայով հանրային քննարկում, որը կազմակերպել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հետ համատեղ:

Միջոցառման նպատակն էր վեր հանել պատժի համակարգում եւ դրա կիրառման պրակտիկայում առկա թերությունները եւ առաջարկել լուծումներ դրանց շտկման համար, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել հետաքրքրված կազմակերպություններին եւ անհատներին արտահայտել իրենց կարծիքը ոլորտում առկա խնդիրների շուրջ: Միջոցառման ընթացքում հրապարակվել են ԻՊԱՍ-ի կողմից՝ վերոնշյալ թեմային շուրջ իրականացրած հետազոտություն-ծրագրի ընթացքում արձանագրած տվյալները, ինչպես նաեւ լայն հանրության ուշադրությանը ներկայացվեց ծրագրի զեկույցը:

Զեկույցում՝ օգտագործված քանակական եւ որակական վերլուծության միջոցով ներկայացված են ՀՀ դատական համակարգում պատժողական քաղաքականության առանձնահատկություններն ու հիմնախնդիրները, ձեւակերպված են առաջարկություններ՝ ուղղված ոլորտում բացահայտված հիմնախնդիրների հաղթահարմանն ու պատիժների համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Հրապարակելով զեկույցը՝ Կազմակերպությունը ցանկանում է վերհանել պատիժների նշանակման օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, ինչպես նաեւ երկարաժամկետ կտրվածքով՝ նպաստել պատիժների նշանակման միասնական մոտեցման ձեւավորմանը:

Միջոցառմանը ելույթով հանդես են եկել ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Դատական դեպարտամենտի, ՀՀ Դատախազության, ՀՀ Փաստաբանական պալատի ներկայացուցիչներ: Ելույթներին հաջորդել է հանրային քննարկումը: