Երգչուհի Եվա Ռիվասի ռասկրուտկան Սամվել Կարապետյանի՝ «Տաշիրի» սեփականատիրոջ վրա Օսլոյում համերգի ծախսերով կարժենա 7 միլիոն դոլար: Այդ մասին հայտնում է «Հրապարակ» թերթը:

Ըստ թերթի՝ «Եվրատեսիլի» հայաստանյան ընտրության արդյունքները, որոնք պաշտոնապես հայտնի դարձան փետրվարի 14-ին, նախապես հայտնի էին շոու-բիզնեսին մոտ կանգնած անձանց:

«Մրցույթին հաջորդած օրը Նադեժդա Սարգսյանը Էմմի-Միհրան զույգի չհաղթելու պարագայում սպառնում էր դատարան մտնել, իսկ հետո ամբողջ օրը չէր պատասխանում հեռախոսազանգերին: Կան ենթադրություններ, որ տիկին Նադեժդայի լռությունը պայմանավորված է նրանով, որ հաջորդ տարվա „Եվրատեսիլը“ խոստացել են Էմմիին»,- գրում է «Հրապարակը»:

Նշենք, որ SMS-քվեարկությունից անմիջապես հետո Նադեժդա Սարգսյանը հայտարարեց, թե Էմմիի եւ Ռազմիկ Ամյանի օգտին ուղարկված հաղորդագրություններն արգելափակվել են: Նա նաեւ խոստացել էր հավաքել բոլոր փաստերն ու դիմել դատարան: «Արմենթել» ընկերությունում NEWS.am-ին հայտնել էին, որ 15 րոպեի ընթացքում ուղարկվել է 25500 հաղորդագրությունը, համաձան որոնց՝ Եվա Ռիվասը ստացել է 6000, իսկ Ռազմիկ Ամյանն ու Էմմին 1400-ական sms:

Երգչուհի Եվա Ռիվասը «Եվրատեսիլում» կներկայացնի Հայաստանը «Apricot stone» («Ծիրանի կորիզ») երգով, որի երաժշտությունը գրել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մարտիրոսյանը, իսկ խոսքերի հեղինակը ռուսաստանցի հայտնի պոետ Կարեն Կավալերյանն է:

Երգի գործիքավորումն արել է Արա Թորոսյանը (Մուրզո): Մրցույթում, որ կայանալու է Օսլոյում, Հայաստանը ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում՝ Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Շվեյցարիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Սլովենիայի, Ուկրաինայի, Նիդեռլանդների, Բուլղարիայի, Խորվաթիայի, Դանիայի, Ռումինիայի եւ Իսրայելի հետ:

22-ամյա երգչուհի Եվա Ռիվասը ծնվել է Դոնի Ռոստովում: Մասնակցել է «5 աստղ», «Հայաստանի տարվա երգ», «Ռոստովի ոսկե ձայն» մրցույթներին: