Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության գրով լանջախաչ կրելու իրավունքի է արժանացել Վառնայի Սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Արժ. Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը, տեղեկացնում են Բուլղարիայի Հայոց թեմի մամլո դիվանից:
«Գոհունակություն է Մեզ համար, որ Դուք, իբրեւ Տիրոջ այգու հավատավոր մշակ, Ձեր կարողություններն անմնացորդ կերպով ի սպաս էք բերում մեր ժողովրդի հոգեւոր կյանքի նորոգությանն ու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու պայծառությանը՝ հովվական արդյունավոր սպասավորություն իրականացնելով Բուլղարիայի Հայոց Թեմում: Ձեր նկատմամբ Առաջնորդական տեղապահի բարձր գնահատանքը խոսուն վկայություն է ծառայության հանդեպ դրսեւորած Ձեր նվիրումի ու նախանձախնդրության:
Ի գնահատություն Ձեր արդյունավոր ծառայության եւ սիրով ընդառաջ Բուլղարիայի Հայոց Թեմի Առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի խնդրանքին, Հայրապետական Օրհնության այսու Գրով շնորհում ենք Ձեզ ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ԼԱՆՋԱԽԱՉ կրելու իրավունք», – ասված է Գարեգին Բ-ի օրհնության գրում:
Ապրիլի 7-ին ձեռամբ Առաջնորդական տեղապահի Վառնայի Սբ. Սարգիս եկեղեցում կկատարվի քահանայական լանջախաչի տվչության կարգը:



























