Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռի հոգեւոր կրթական հաստատությունների վերատեսուչ եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի «Ս. Հաղորդությունը որպես ներման եւ հաշտության լեզու», «Մի երկնչիր, բայց միայն հավատա. Մարկ. Ե 36. Հայ Առաքելական Եկեղեցուն` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայեցակարգի առաջարկ» աշխատությունները:
Գեւորգ եպիսկոպոսն իր «Ս. Հաղորդությունը որպես ներման եւ հաշտության լեզու» գործում հանգամանորեն մեկնաբանում է Ս. Հաղորդության խորհուրդը Հայ Եկեղեցու ավանդության մեջ: Հայ իրականության մեջ այս գիրքն առաջին աշխատությունն է, որ Հաղորդության խորհուրդը դիտարկում է մարդկային հարաբերությունների համատեքստում եւ բարոյականության այն շրջանակներում, որում ժամանակակից հավատացյալներն ապրում են իրենց ամենօրյա հավատը: Գիրքը պարունակում է Հայ Եկեղեցու ավանդությանը բնորոշ առանձնահատկությունների արժեքավոր նկարագրություններ, որոնց բացահայտման ու բանաձեւման համար, բացի հայկական աղբյուրներից, օգտագործվել են նաեւ ժամանակակից աստվածաբանական ուսումնասիրություններ եւ խորհրդածություններ:
Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանի հովանավորությամբ:
«Մի երկնչիր, բայց միայն հավատա .Մարկ.Ե 36. Հայ Առաքելական Եկեղեցուն` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայեցակարգի առաջարկ» գործում Գեւորգ Սրբազանն անդրադառնում է 21-րդ դարասկզբում մարդկության առջեւ ծառացած մարտահրավերներից մեկի` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի աստվածաբանական եւ բարոյական տեսանկյուններին: Գրքում ներկայացված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայեցակարգի վերաբերյալ Եկեղեցու դիրքորոշումն արտահայտող ծրագիր, որտեղ կարեւորվում է Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորի աշխատանքը ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց եւ նրանց ընտանիքների հետ, ինչպես նաեւ ուրվագծվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում Հայ Եկեղեցու աշխատանքի ուղղությունները:



























