«Ես բնական եմ համարում, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը հատկապես ԼՂՀ-ն հույսեր է կապում ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունից»,- փետրվարի 16-ին Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Դիտարկմանը, թե երեկ Բաքվում Ղազախստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ԼՂՀ նախագահն ասաց. «Գործող նախագահն ուշադիր լսել է ԼՂՀ տեսակետը բանակցային գործընթացի նկատմամբ: Ես հնարավորություն եմ ունեցել նաեւ քննարկելու Ադրբեջանի կողմից առաջ քաշված եւ հիմնական թեման դարձված տարածքային ամբողջականությունը: Որպես առաջարկություն իմ կողմից ներկայացվել է նոր ուղղություն մտցնել բանակցային գործընթացում եւ տարածքային ամբողջականությունից հարցը տեղափոխել միջազգային իրավական հարթության քննարկման: Ես գտնում եմ, որ այդպիսի մոտեցումը հնարավորություն կտա որոշակի արդյունքներ արձանագրել բանակցային գործընթացում եւ վերջնականապես մոտենալ խաղաղ կարգավորմանը»:

Այնուհետեւ անդրադառնալով Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններին՝ Բակո Սահակյանն ասաց. «Ես Ադրբեջանի կեցվածքը որակել եմ որպես ահաբեկչության մի նոր ձեւ։ Եւ վաղուց արդեն միջազգային հանրությունը, քաջատեղյակ լինելով Ադրբեջանի այդպիսի կեցվածքին, չի իրականացնում այն միջոցառումներն ու քայլերը, որոնք նաեւ իրենց մանդատի շրջանակներում կստիպեն Ադրբեջանին՝ զերծ մնալ այդպիսի ռազմատենչ հայտարարություններից ու ռազմատենչ քաղաքականությունից: Հույս ունենք, որ ԵԱՀԿ գործող նախագահն էլ իր լիազորությունների շրջանակներում համապատասխան աշխատանքներ կիրականացնի եւ Ադրբեջանը կհայտնվի ավելի կառուցողական վիճակում, որը միայն կնպաստի գործընթացի տրամաբանական զարգացմանը»: