ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Մերձավոր Արեւելք կատարելիք այցի նպատակը հակամարտության կողմերին լսելն է եւ մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի վերսկսման ուղին գտնելը:
Իսրայելյան հեռուստատեսության հետ զրույցում Օբաման, ըստ էության, խոստովանել է, որ տարածաշրջան է գնում առանց պատրաստի ծրագրերի: «Իմ այցի նպատակը լսելն է: Մտադիր եմ հանդիպել Բիբիի (վարչապետ Բենիամին Նեթանյահու), Իսրայելի այլ քաղաքական գործիչների հետ: Մտադիր եմ հանդիպել նաեւ Ֆայադի (Պաղեստինի վարչապետ) եւ Աբու Մազենի (Մահմուդ Աբասի մականունը) հետ: Ցանկանում եմ լսել՝ որն է նրանց ռազմավարությունը, տեսլականը, այն, թե ըստ նրանց՝ որ ուղղությամբ է պետք առաջ շարժվել», - ասել է Օբաման, ով մարտի 20-ին որպես նախագահ առաջին անգամ կժամանի տարածաշրջան:
Հակամարտող կողմերին նրա հիմնական խորհուրդը «միմյանց լեգիտիմ շահերը» ճանաչելն է: Օբաման մտադիր է Աբասին հետ պահել միակողմանի գործողություններից, ինչպիսին օրինակ նախորդ տարի ՄԱԿ դիմելն էր՝ պետականության ճանաչման համար: Նեթանյահուին նա խորհուրդ կտա չափավոր ուժեր կենտրոնացնել պաղեստինյան ղեկավարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Պաղեստինցիները հրաժարվում են Իսրայելի հետ երկխոսությունից՝ առանց վերջիններիս կողմից գրավյալ տարածքներում շինարարության դադարեցման: Նեթանյահուն առանց նախապայմանների բանակցությունների վերսկսման կողմնակից է:




























