Մարտի 14-ին Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Արժ. Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի նախաձեռնությամբ մեկնարկել է «Սուրբ Սարգիս» երիտասարդական ծրագիրը:

Եկեղեցուն կից Հայկական դպրոցի շենքում ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել երիտասարդների ու հոգեւոր հովվի առաջին հանդիպումը, որին մասնակցում էին տասից ավելի երիտասարդներ:

Տեր Բարդուղիմեոսը նախ բացատրել է, թե ինչու է այս ծրագիրն անվանվել «Սուրբ Սարգիս», մասնավորապես նշելով, որ բացի այն, որ Վառնայի եկեղեցին կրում է Սուրբ Սարգիս զորավարի անունը, հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ Սուրբ Սարգիսը երիտասարդների հովանավոր ու բարեխոս սուրբն է: «Ցանկացանք, որ մեր այս երիտասարդական ծրագիրը նույնպես կրի սրբի անունը, որպեսզի արագահաս սուրբը Ամենակալ Աստծո առաջ բարեխոս լինի մեր երիտասարդական ծրագրի հաջող բարգավաճման համար», – ընդգծել է հոգեւոր հովիվը:

Այնուհետեւ նա խոսել է օրվա թեմայի մասին՝ «Ո՞վ է քրիստոնյան. Հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ Բուլղար ուղղափառ եկեղեցու տարբերություններն ու նմանությունները»: Նա մանրամասն ներկայացրել է քրիստոնյայի կոչումը, միաժամանակ այդ հենքի վրա բացատրելով հայ եւ բուլղար եկեղեցիների տարբերություններն ու նմանությունները: Մասնավորապես շեշտը դրվել է եկեղեցիների վարչական, ծիսական եւ դավանաբանական տարբերությունների վրա:

Օրվա նյութի շուրջ քննարկումներից հետո մասնակիցներն առաջարկել են հաջորդ հանդիպման ժամանակ բանախոսության նյութը լինի «Գուշակությունների մասին»: