Պետք չէ փնտրել թաքնված ենթատեքստեր Հայաստանի վարչապետի Իսրայել այցի չեղյալ հայտարարելու մեջ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր, արեւելագետ, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, վարչապետի այցի նպատակը, ինչպես պաշտոնապես հայտնվել է, եղել է ուխտագնացությունը: Նա նշեց նաեւ, որ որեւէ պատճառ չկա կասկածելու վարչապետի այցը չեղյալ հայտարարելու պաշտոնական պատճառի՝ վարչապետի հիվանդության մեջ: «Իհարկե, իր այցի շրջանակներում վարչապետը կարող էր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկել, օրինակ՝ Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը Երուսաղեմում, բայց չեմ կարծում, թե դա էր Տիգրան Սարգսյանի այցի նպատակը: Ի վերջո, ՀԱԵ-ի ունեցվածքի շուրջ խնդիրները ծագել են ոչ այսօր եւ չի կարելի ասել, որ այսօր այդ հարցը ավելի է սրվել»,- նկատել է արեւելագետը:
Ինչ վերաբերում է իսրայելական ԶԼՄ-ների հրապարակումներին, թե վարչապետի այցը չեղյալ է հայտարարվել Իրանի ճնշման տակ, ըստ Հովհաննիսյանի՝ Իրանն ու արաբական երկրները ըմբռնումով են մոտենում Երուսաղեմում ՀԱԵ-ի ունեցվածքին: «Ես ավելի քան վստահ եմ, որ ո՛չ Իրանը, ո՛չ արաբական երկրները չեն փորձել խոչընդոտել Հայաստանի վարչապետի այցին»,- ասել է փորձագետը:
Նշենք, որ իսրայելական IZRUS կայքը օրերս հոդված էր հրապարակել, որում նշել էր, թե Հայաստանի վարչապետի այցը չեղյալ է հայտարարվել Իրանի ճնշման տակ, որը մտավախություն է ուենցել, թե այցի ընթացքում Թել-Ավիվը Հայաստանին կհամոզի համագործակցել Իրանի ատոմային ծրագրի շուրջ: Ըստ պարբերականի՝ քննարկման հիմնական թեման պետք է լիներ Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը:




























