Մեքենան գազով լիցքավորելը դեռ երեք անգամ ձեռնտու է բենզինից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին տաքսիստները, որոնք լրագրողների հետ հանդիպում էին կազմակերպել Սմբատ Զորավար փողոցում գտնվող տաքսապարկում: «Մի լիցքավորմամբ եւ քշում եմ 180 կմ: Դա արժե երեք հազար դրամ: Նույնքան բենզինով քշելը երեք անգամ թանկ կարծենա»,- պարզաբանեց տաքսիստներից մեկը` Սեւակը:

Այսինքն, եթե ապրիլից գազը թանկանա, բենզինով քշելը նախկինի պես ոչ ձեռնտու կլինի՞: «Դե նայած թե որքան կթանկանա: գազն էլ իր բարդություններն ունի: Թե ինչպես են լիցքավորում, միայն իրենց է հայտնի»,- ասաց մյուս տաքսիստը` Հովսեփը. «Նախկինում ես իմ բալոնով մի լիցքավորմամբ քշում էի 250 կմ, հիմա 180-190 կմ, թեեւ բալոնը չեմ փոխել, նույնն է: Լիցքավորման կայանի տղաներից եմ հարցնում պատճառը, ասում են` գազից է: Դե հասկանալի է, որ գազից է: տաքացնես այն, կլայնանա: Իսկ հաշվիչը նույնն է, այն պտտվում է»:

Նշենք, որ գազային բալոնների լիցքավորման ճնշումն ու ջերմաստիճանը կարգավորվում է տեխնիկական կանոններով: Կառավարության` 2005թ. սեպտեմբերին ընդունած թիվ 2388-Ն որոշմամբ, ավտոգազային բալոնների հերմետիկությունը պետք է ապահովվի 200 մթլոնորտ ճնշման դեպքում, իսկ գազի տաքությունը չպետք է գերազանցի շրջակա միջավայրը ավելի, քան 60 աստիճանով:

Եւս մեկ խնդիր է այն, որ ավտոմեքենաների` բենզինի համար նախատեսված շարժիչները վատ են «մարսում» գազը, եւ շուտ դուրս են գալիս շարքից, տարեկան տեխսպասարկումն այն պատճառով թանկանում է 10-20 տոկոսով: