Այսօր՝ մարտի 15-ին, Սինոփսիս Արմենիա ընկերությունը հյուրընկալել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Ավագ դպրոցի աշակերտներին՝ հիմք դնելով երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված մի նոր նախաձեռնության:  Նախաձեռնության նպատակն է մեծացնել տեխնիկական հակում ունեցող երիտասարդների մեջ միկրոէլեկտրոնիկայի ոլորտի հանդեպ հետաքրքրությունը եւ խանդավառել երիտասարդներին դպրոցական տարիքից ընտրելու ՏՀՏ ոլորտը: Հայաստանի տեխնիկական ուղղվածություն ունեցող ավագ դպրոցների աշակերտների ճանաչողական այցերը Սինոփսիս Արմենիա ընկերություն կունենան ամենամսյա բնույթ:

ՀՊՃՀ Ավագ դպրոցի աշակերտներին ողջույնի խոսքով ընդունեց ընկերություն տնօրեն Հովիկ Մուսայելյանը. «Այսօր ձեր՝ Սինոփսիս Արմենիայում գտնվելը շատ կարեւոր խորհուրդ ունի: Հնարավոր է, որ հենց այս այցը դառնա ձեր ապագա մասնագիտության ընտրության առիթը: Մեր երկրի ապագան նորարարությունների զարգացումն է: Օգտագործե՛ք ձեր մտավոր  կարողությունները այդ նորարարական ապագան կերտելու համար»:

Ողջույնի խոսքին հաջորդեց շրջայց ընկերության ճարտարագիտական դեպարտամենտներից մեկում, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեցան ազատ շփվել ճարտարագետների հետ բարձր տեխնոլոգիաների արտադրական միջավայրում եւ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններ: Այնուհետեւ աշակերտներն այցելեցին Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտ (ՍԱՈՒԴ), որտեղ նրանք հանդիպեցին ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ: Այնուհետեւ նրանք ծանոթացան ՍԱՈՒԴ-ի կրթական միջավայրին, որին  հաջորդեց  ՍԱՈՒԴ-ի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանի հակիրճ տեղեկատվական ներկայացումը ՍԱՈՒԴ-ի գործունեության վերաբերյալ:

«Կարծում եմ աշակերտների նմանատիպ այցերը կնպաստեն նրանց մոտ միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, ինչը կլուծի երկակի կարեւորության խնդիր՝ նրանց մասնագիտորեն կկողմնորոշի դեպի նորագույն տեխնոլոգիաների առաջատար ուղղություն, իսկ վերջինս ապագայում կհարստանա առաջադեմ եւ թարմ մտածելակերպով օժտված մասնագետներով», - ասում է պրոֆ. Վազգեն Մելիքյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սինոփսիս Արմենիային մեզ հյուրընկալելու համար: Ինձ շատ դուր եկավ այս միջավայրը, որտեղ մարդիկ աշխատում եւ սովորում են: Ես շատ ոգեւորված եմ եւ լի եմ խանդավառությամբ ուսումս շարունակելու այնպես, որ ապագայում կարողանամ դառնալ ընկերության աշխատակից», - ասել է 11-րդ դասարանի աշակերտ Չատիկյան Սարգիսը:

Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով 2004 թ. ի վեր Սինոփսիս Արմենիան ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում եւ հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (ԵՏԱ), ինչպես նաեւ Ռուսաստանի Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանի (ՄԷՏԻ) հետ: Ընկերությունը նաեւ հետեւողականորեն խթանում է հասարակության հետաքրքրությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ՝ հովանավորելով ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին եւ աշակերտներին շնորհվող ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւը, անցկացնելով երիտասարդ մասնագետների եւ ուսանողների մրցույթներ, ինչպիսին է Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան: