Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին Ազատության հրապարակում, այսօր՝ մարտի 15-ին կայացած հանրահավաքում հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հենց այնպես, ինչպես մենք մասնակցել ենք նախագահական ընտրություններին, թեեւ հաջողությանը քչերն էին հավատում, մենք կհաղթենք եւ մայիսի 5-ին՝ Երեւանում կայանալիք ընտրություններին եւ մայրաքաղաքի ապագա քաղաքապետ կդառնա մեզանից մեկը, ոչ ես, կրկնում եմ մեզանից մեկը: Մայրաքաղաքային ընտրություններին մեր մասնակցության վերաբերյալ ավելի մանրամասն հայտարարություն կլինի մեր հաջորդ՝ մարտի 22-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ»,-հայտարարել է Հովհաննիսյանը:
Ապագա քայլերի մասին խոսելով՝ Հովհաննիսյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի վաղ արված առաջարկությունը՝ Ազատության հրապարակում, «քաղաքացիական ֆորում» կազմակերպելու մասին, որի մասնակիցները պետք է քննարկեն Հայաստանում նոր իշխանության ձեւավորումը: Այս կիրակի օրվանից սկսած՝ քաղաքացիական հավաքները կիրականացվեն Ազատության հրապարակում՝ ժամը 17:00-ից 18:30-ը:
Այս կիրակի գլխավոր գործող դեմքը կլինի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, իսկ երկուշաբթի օրը՝ Հայաստանի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Վաղն Ազատության հրապարակում ժամը 17:00-ին տեղի կունենա համերգ-հավաք՝ ռոքի երեկո:



























