Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, այսօր՝ մարտի 15-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի իր ելույթում խիստ քննադատության ենթարկեց Մայր աթոռ սուրբ էջմիածինը: Նա հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցին քաղաքականության մեջ խառնելու կամ շանտաժի մասին խոսք չի գնում, միաժամանակ Հայ եկեղեցու այսօրվա հայտարարությունը համարելով ամոթալի:

«Այո, հիմա իսկապես աղոթքի ժամանակ է եւ թող բարձր հոգեւորականությունն աղոթի հայկական հողի սրբության եւ մաքրության համար, այլ ոչ թե կեղծիքի եւ ստի Հայաստանի համար: Ես Հայ Առաքելական եկեղեցու որդի եմ, մկրտվել ու պսակադրվել եմ հայ եկեղեցում: Բայց եթե ինձ սպառնում են, թե չեն ցանկանում ինձ թաղել եկեղեցական ավանդույթով, ուրեմն իմ հայրենիքի ցանկացած մի փոքրիկ հողակտորն էլ կդառնա իմ եկեղեցին: Բայց խնդրում եմ պետք չի պղծել Աստվածաշունչը քաղաքացիական պատերազմում: Եկեղեցին չպետք է իշխանության կցորդը լինի, ահա ինչ եմ ասել ես»,-ասաց Հովհաննիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 15-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել հետընտրական զարգացումների առնչությամբ, նշելով. «Հորդորում ենք նաեւ Տիար Րաֆֆի Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը եւ ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ: Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է»:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր հետեւյալը. «Եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կեղծ երդում տա Աստվածաշնչի վրա եւ Վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչը, դա իրենք կանեն իմ դիակի վրա: Ես պետք է աղոթեմ նրանց համար: Ես հավանաբար այս տարի սուրբ Զատկի պատարագ չհասնեմ»: Այդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել, որը շարունակվում է մինչ օրս: