Հայաստանի ընդդիմությունը ապրիլի 9-ին, Հայաստանի Հանրապետության հրապարակում կայանալիք իր զանգվածային ակցիային հրավիրում է մասնակցել Սերժ Թանգյանին եւ Շառլ Ազնավուրին: Այսօր՝ մարտի 15-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքում նման առաջարկով հադես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ապրիլի 9-ը պետք է դառնա մի օր, «երբ ժողովուրդը Սերժ Սարգսյանին կզրկի Հայաստանից»:
«Այդ օրը Սերժ Սարգսյանը, որոշ տեղեկություններով, պատրաստվում է իր երդմնակալությունը կազմակերպել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որպեսզի ցույց տա, որ ինքը Հայաստանի նախագահն է: Մեր խնդիրն է այդ միջոցառումը դարձնել առավելագույնս իմաստազուրկ: Դրա համար ժողովուրդը՝ հարյուր հազարավոր քաղաքացիներ, պետք է լցնեն Հայաստանի գլխավոր հրապարակը՝ Հանրապետության հրապարակը, որպեսզի ապացուցի, որ իր նախագահը Սերժ Սարգսյանը չէ»,-հայտարարեց Փաշինյանը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, նա դա համարեց կարեւորագույն եւ ուժեղ քայլ հաղթանակի ճանապարհին եւ երաշխիքներից մեկը, որ դե ֆակտո իշխանությունների հետ փոխզիջումը բացառվում է:
«Երկխոսություն կարող է լինել միայն մեկ հարցով. Իշխանության խաղաղ փոխանցման հարցով»,-ընդգծեց նա:



























