Ժողովուրդը պետք է դառնա բարձրագույն դատական ատյանը: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի իր ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի Սահմանադրական դատարանը չունեցավ այնքան համաձակություն, որպեսզի արդար վճիռ կայացնի նախագահական ընտրությունների արդյունքերը չեղյալ համարելու պահանջով ներկայացված հայցերով: Այս իրավիճակում, ըստ Ղուկասյանի, բարձրագույն դատարանը պետք է դառնա ինքը՝ ժողովուրդը, որը կկայացնի իր վճիռը: «Իսկ վճիռը պետք է կայացնի ելնելով նրանից, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ապահովել անկախ եւ իրավական պետության գոյությունն իր երեխաների համար»,-ասաց նա:

Հանրահավաքում ընթերցվեց «Հարսնաքար» ռեստորանում սպանված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի կնոջ՝ Վերոնիկա Ավետյանի հայտարարությունը, որտեղ նշվել է, որ անհրաժեշտ է միանալ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, որպեսզի այն ողբերգությունը, որը տեղի է ունեցել իրենց ընտանիքում, այլեւս երբեք չկրկնվի:

Հիշեցնենք, որ Վահե Ավետյանին ծեծելով սպանել էին ՀՀԿ-ական գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Որոշ տեղեկություններով դրանք եղել են հենց Հայրապետյանի թիկնապահները: