Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի շահերը, ով անձամբ երկրի տարածքներից դուրս է գտնվում, մարտի 15-ին Թբիլիսիի պետական դատարանում դատալսման ժամանակ վրացի փաստաբանի հետ միասին պաշտպանել է նաեւ Մեծ Բրիտանիայից ժամանած փաստաբանների մի խումբ:
BCL ընկերության իրավաբան Մայքլ Դրուրին, դատական նիստի ժամանակ նշել է, որ պաշտպանությունն ամեն բան կանի, որ Կեզերաշվիլիի հանդեպ արդարացի դատաքննության բոլոր իրավունքները պաշտպանվեն, հայտնում է «Նովոստի Գրուզիան»:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Կեզերաշվիլիին մեղադրանք է ներկայացվել անօրինական կերպով ավելի քան 12 միլիոն դոլարի եկամուտ ստանալու համար Ուկրաինայից մաքսանենգ ճանապարհով էթիլային սպիրտ ներկրելու համար: Միաժամանակ, նախարարը մեղադրվել է նաեւ «Իմեդի» հեռուստաընկերության գործով, որի առնչությամբ Թբիլիսիի պետական դատարանը փետրվարի 25-ին նրա նկատմամբ հեռակա կարգով կալանքի որոշում է կայացրել:
«Վարդերի հեղափոխությունից» հետո (2003 թվականի նոյեմբերի 23) Կեզերաշվիլին նշանակվել է Ֆինանսների նախարարության ֆինանսական ոստիկանության ղեկավար: 2006 թվականի նոյեմբերին նա նշանակվել է Վրաստանի պաշտպանության նախարար, այդ պաշտոնում հաջորդելով Իրակլի Օկրուաշվիլիին, եւ այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2008 թվականի դեկտեմբերը:




























