Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համաձայնագիր է ստորագրել կառավարություն կազմելու համար մրցակցող կուսակցությունների հետ:

Կոալիցիա ստեղծելու վերաբերյալ մոտ մեկուկես ամիս տեւած բանակցությունները պաշտոնական վերջաբան են ստացել: Այժմ կազմավորված կառավարության աշխատանքն սկսելու համար մնացել է ընդամենը տեխնիկական փուլ՝ Կնեսետում (խորհրդարան) հաստատումը:

Իսրայել պետության ստեղծման պահից 33-րդը հանդիսացող այս կառավարությունը կազմել են 5 կուսակցություններ. Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ»-ը, Ավիգդոր Լիբերմանի գլխավորած  «Մեր տուն Իսրայել (Իսրայել-բեյտեյնու), Յաիր Լապիդի գլխավորած «Եշ Ատիդ»-ը, Նավթալի Բենետի գլխավորած «Հրեական տուն»-ը, ինչպես նաեւ Ցիպի Լավնիի գլխավորած  «Խա Տնուա»-ն, հաղորդում է  «Գոլոս Ռոսիի»-ն:

Նեթանյահուն պահպանել է վարչապետի պաշտոնն, իսկ նրա կուսակցության ներկայացուցիչները զբաղեցրել են 8 նախարարություն, այդ թվում պաշտպանության նախարարությունը: Լապիդը կդառնա Ֆինանսների նախարար, Բենետը կստանա արդյունաբերության եւ կրոնական բնագավառում ընդլայնված լիազորություններ ունեցող առեւտրի նախարարությունը: ԱԳՆ ղեկավարի պաշտոնը կպահպանի Լիբերմանը, ով դեռ չի կարող կառավարության անդամ դառնալ՝ նրա դեմ ընթացող դատական գործի պատճառով: Լիվնին կգլխավորի Արդարադատության նախարարությունը:

Նեթանյահուն արդեն շնորհավորել է կոալիցիոն պաշտոնական համաձայնագրի ստորագրումը եւ խոստացել է աշխատել «Իսրայել պետության անվտանգության ամրապնդման եւ նրա քաղաքացիների կենսամակարդակի բարելավման ուղղությամբ»: