ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում, որը տեւել է մեկ ժամից ավելի, քննարկվել են ներքաղաքական հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Մոսկվա եւ Բրյուսել կատարած իր այցերի մանրամասները։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլինքարտուղար, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։

«Մոսկովյան այցը, որը նախագահական ընտրություններից հետո վերընտրված նախագահի առաջին այցն է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստան, բավականին արդյունավետ է եղել։ Երկու երկրների նախագահների հանդիպումը շատ արդյունավետ է եղել, ինչը բխում է դաշնակցային հարաբերություններից»,- ասաց Շարմազանովը։

Նա նաեւ նշեց, որ շատ արդյունավետ է եղել նաեւ նախագահի այցը Բրյուսել եւ մասնակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթաժողովին. «Այդ երկու այցելությունները ցույց տվեցին, որ Հայաստանը նախագահ Սարգսյանի գլխավորությամբ շարունակելու է թե եվրաինտեգրման, թե իր դաշնակիցների հետ հարաբերությունների խորացման գործընթացը, ինչը կբխի մեր ժողովրդի եւ պետության շահերից»:

Ըստ Շարմազանովի՝ քննարկվել են նաեւ ներքաղաքական զարգացումները, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցության ծրագիրը, քարոզչական նյութերը. «Կարծում եմ, որ այս ընտրություններում նույնպես ՀՀԿ-ն ֆավորիտ կլինի»։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ն մայիսին սպասվող ընտրություններում Երեւանը զիջելու է ԲՀԿ-ին եւ արդեն կա պահմանավորվածություն՝ Շարմազանովն ասաց, որ այդ հրապարակումները «մառազմի ժանրից են»։ «Դրանք ծիծաղելի եւ անլուրջ բամբասանքներ են։ Նման բան չի կարող լինել: Ընդամենն ասեմ, որ այս ընտրություններին ՀՀԿ-ն շատ ավելի լավ եւ լուրջ է նախապատրաստվում։ Մեր քաղաքական թիմը՝ Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, ունի բոլոր շանսերը երեւանցիների մեծամասնության վստահությունը ստանալու համար։ Մենք ամենավստահելի քաղաքական ուժն ենք»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը։