Մարտի 18-ին, ժամը 16:00-ին ՀՀ Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի կունենա պալիատիվ (ամոքիչ) օգնության առաջին համապարփակ ծառայության բացումը Հայաստանում:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վերջինս ստեղծվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականի, որն իր հերթին հիմնվել է մեր հանրապետությունում նման ծառայության խիստ անհրաժեշտության եւ համապատասխան ծառայության բացակայության վրա: Մասնավորապես, յուրաքանչյուր օր մեր հանրապետությունում պալիատիվ (ամոքիչ) օգնության կարիք ունեն մեր երկրի ավելի քան 3000 քաղաքացիներ: Նորաստեղծ ծառայությունը թեեւ չի կարող ամբողջովին ապահովել բոլոր հիվանդների կարիքները, սակայն արդեն իսկ քայլ առաջ է, եւ մոտակա տարիների ընթացքում կդառնա այն բազային կառույցը, որի հիման վրա կստեղծվեն նմանատիպ այլ ծառայություններ Հայաստանի ամբողջ տարածքում:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կառավարության համապատասխան որոշման հիման վրա 2011 թվականին Առողջապահության նախարարության, Բաց հասարակության ինստիտուտի եւ Հայաստանի հակացավային եւ պալիատիվ օգնության ասոցիացիայի աջակցությամբ ստեղծվել է պալիատիվ օգնության ուսումնական կենտրոն, որն իր գործունեության ընթացքում կազմակերպել է հետդիպլոմային վերապատրաստման դասընթացներ բժիշկների համար` նպատակ ունենալով պատրաստել համապատասխան կադրեր պալիատիվ օգնության ապագա ծառայությունների համար ինչպես Երեւանում, այնպես էլ հանրապետության այլ մարզերում: Այս ընթացքում հիմնվել է նաեւ պալիատիվ օգնության շարժական ծառայություն` պիլոտային ծրագրի ձեւով, գնահատելու համար ծառայության կարիքները մեր հանրապետությունում:
Այսուհետեւ, այսօր բացվող բաժանմունքը կծառայի ինչպես կոնկրետ հիվանդների բուժումը եւ խնամքն ապահովող ծառայություն, այնպես էլ կներկայանա որպես ուսումնական պրոցեսի կլինիկական բազա, ինչը հնարավորություն կտա բարձրացնել ուսումնական պրոցեսի արդյունավետությունը:




























