Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է նաեւ ԼՂՀ ՊԲ Վազգեն Սարգսյանի անվան մոտոհրաձգային զորամաս, հանդիպել երեւանաբնակ ժամկետային զինծառայողների հետ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քաղաքապետի զորամաս այցի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությանը դիմելով երեւանցի զինծառայողներին Տարոն Մարգարյանը նախ նկատել է, որ հարազատ տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատասխանատու եւ կարեւոր առաքելություն է: Եվ այդ առաքելությունը շատ ավելի պարտավորեցնող է, երբ զինվորը իր արժանապատիվ վարքագծով անում է հնարավորը իր ծննդյավայրի պատիվը բարձր պահելու համար:
«Սիրելի զինվորներ, ես իսկապես հպարտ եմ ձեզանով: Հպարտ եմ, որ ունենք այսպիսի սերունդ, որոնք միշտ պատրաստակամ են անառիկ պահել թե հայրենիքի սահմանները, եւ թե հարազատ օջախի պատիվը: Ու բնական է, որ լինելով Ստեփանակերտում իմ պարտքը համարեցի այցելել նաեւ ձեզ: Հայոց Բանակի օրվա կապացությամբ ձեր ծնողներին ճանապարհելով ձեզ հետ հանդիպման, նաեւ նրանց խոստացել էի, որ, երբ լինեմ Արցախում, ես ինքս էլ նրանց փոխարեն կայցելեմ ձեզ: Եվ ինչպես տեսնում եք այստեղ եմ, ձեզ հետ, ձեր կողքին եւ վստահեցնում եմ, որ իմ մյուս խոստումը եւս, որ ձեր ծնողների համար Երեւանի քաղաքապետարանը տարին մի քանի անգամ կընձեռի հնարավորություն ձեզ հետ հանդիպելու նույնպես ուժի մեջ է, ինչում կհամոզվեք ինքներդ»,-նշել է Տարոն Մարգարյանը վստահեցնելով, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների ընտանիքների կողքին է եւ իր լիազորությունների շրջանակում աջակցում է նրանց:
Զինվորներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին ինչպես ծնողների անակնկալ այցի, այնպես էլ քաղաքապետի այս այցելության եւ ջերմ խոսքերի համար: Նրանք նաեւ վստահեցրել են, որ կանեն հնարավորը Երեւանի պատիվը միշտ բարձր պահելու համար




























