Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Մեծ թատրոնի տենոր Սերգեյ Գայդեյին, որը «քաշել է» գործընկերներին։ Գայդեյը Մերձմոսկվայում այգեգործական կոոպերատիվ հիմնելու առաջարկ է արել, գործընկերներից փող է հավաքել եւ փախել։
2008թ. 39-ամյա մենակատար Սերգեյ Գայդեյը գործընկերներին հայտնել էր, որ ցանկանում է այգեգործական ընկերակցություն հիմնել Բոգոսլովո գյուղում։ Ըստ Գայդեյի՝ ինքը վոկալ էր պարապում մի գործարարի հետ, որը պատրաստ էր թատրոնին հողատարածք նվիրել։
Տենորը հայտնել էր, որ թատրոնի աշխատակիցների համար դա «կոպեկներ կարժենա»։ Գայդենին սկսել են միջոցներ փոխանցել։ Նա իր նախագծում ընդգրկել է նաեւ այն մարդկանց, որոնք թատրոնի հետ ընդհանրապես կապ չէին ունեցել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
Որոշ ժամանակ անց ներդրողները սկսել են հետաքրքրվել շինարարության ընթացքով։ Գայդեյը վստահեցրել է, որ ամեն ինչ կարգին է, որոշ բյուրոկրատական քաշքշուկներ կան։ Ըստ արտիստի գործընկերների՝ նա թատերական կազմին համոզել է անվճար ելույթ ունենալ Շյոլկովոյի շրջանի ղեկավարի հոբելյանին, սակայն գործը տեղից չի շարժվել։
2009թ. մայիսին Գայդեյը վարկով նոր «Մերսեդես» է վերցրել, հետո անմիջապես վերավաճառել՝ չվճարելով վարկատուի գումարը, ինչից հետո երկար ժամանակով անհետացել է։ 2009թ. հունիսի 11-ին Գայդեյի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել եւ հետախուզում հայտարարվել։
Պարզվել է, Գայդեյը երկրում է, Ռյազանի մարզի գյուղերից մեկում համեստ ապրում եւ աշխատում է որպես... ավտոփականագործ։
2013թ. հունվարի 20-ին ոստիկանները պարզել էին կասկածյալի գտնվելու վայրը, որից հետո նրան ձերբակալել էին: Մոտ ժամանակներս Սերգեյ Գայդեյը կկանգնի դատարանի առաջ, նրան սպառնում է մինչեւ վեց տարվա ազատազրկում: Ճշտվում է խաբեբայի գործունեությունից տուժած անձանց ցանկը:




























