«Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ, գործարար Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալության փաստը «չի բարելավում Հայաստանի բիզնես-հեղինակությունը»: Այդ մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
Վերջինս, մեկնաբանելով իրենց գործընկերոջ ձերբակալության փաստը, նկատել է, թե ՎԶԵԲ-ն ուշադիր հետեւել է տեղի ունեցածին եւ շատ անհանգստացած էր այդ կապակցությամբ: Ռազլոգը նշել է, թե շատ ուրախ է, որ Սուքիասյանին ազատ են արձակել, բայց «կատարվածը չի բարելավում Հայաստանի բիզնես-հեղինակությունը»:
Հիշեցնենք, որ Սարիբեկ Սուքիասյանին ձերբակալել էին փետրվարի 12-ին՝ մահվան սպառնալիքի տակ ոմն Գոռ Դավթյանից ստորագրություն կորզելու մեղադրանքով, սակայն փետրվարի 15-ին ազատ էին արձակել քաղաքից չհեռանալու ստորագրությամբ՝ առանց մեղադրանք առաջադրելու:
Նշենք, որ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը հանդիսանում է Սուքիասյաններին պատկանող «Հայէկոնոմբանկի» 25 տոկոս բաժնետերը:
2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հայէկոնոմբանկն» ունի 1419 բաժնետեր (ոչ ռեզիտենտ` 17 բաժնետեր (36.9 տոկոս), որոնցից ամենախոշորներն են Սուքիասյան եղբայրները (53,5 տոկոս) եւ Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկը (25 տոկոս):




























