Հացադուլի առաջին իսկ օրվանից բժիշկներն օրը երկու անգամ մոտենում են «Ժառանգություն» կուսակցության ղեկավարին. առավոտյան` թիվ 4 պոլիկլինիկայի (որտեղ պարոն Հովհաննիսյանը հաշվառված է) բժիշկները, իսկ երեկոյան ժամերին` հերթապահող շտապօգնության բրիգադի մասնագետները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

Մինչեւ այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է որեւէ քննության ենթարկվելուց, անգամ` զարկերակային ճնշման չափման ամենապարզ  հետազոտությունից։ Նա պատճառաբանում է, որ իրեն լավ է զգում եւ որ անհրաժեշտության դեպքում ինքը կհրավիրի բժիշկներին։

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, քանի որ այն հետագայում կարող է լուրջ հետեւանքներ թողնել նրա առողջության վրա։ Միաժամանակ հայտնում են նաեւ, որ նա այսուհետեւ եւս կգտնվի մասնագետների ուշադրության կենտրոնում եւ անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի մասնագիտական օգնություն։