Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Լեռնիկ Աթանյանի վարույթ է ընդունվել սեփական նորածնին սպանելու մեղադրանքով Աննա Մկրտչյանի դեմ գործը: 21-ամյա կնոջը ներկայացված մեղադրանքի համաձայն՝ նա 2011 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 04-ի սահմաններում Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան բակում` խոտի հակերի վրա, միայնակ ծննդաբերելուց անմիջապես հետո իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով փակել է երեխայի շնչառական անցքերը` շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Ա.Մկրտչյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով՝ Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, այն նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Նրա նկատմամբ ընտրվել է չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը:
Նշենք, որ գործն ունեցել է «քույր» գործեր, որոնցից մեկով մեղադրական դատավճիռ է կայացվել, իսկ մյուսը կարճվել է մինչդատական վարույթում: Այսպես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 27.02.2013թ. դատավճռով Հարթաշեն գյուղական համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի բռնաբարություն եւ 142-րդ հոդվածի 1-ին մասով՝ անառակաբարո գործողություններ, ու դատապարտվել ազատազրկման 8 տարի ժամկետով: Իսկ Ա.Մկրտչյանի կողմից «քննությանը օժանդակելու» արդյունքում բուժքույր Ալիսա Ենոքյանի դեմ քրեական գործ էր հարուցվել, նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանություն, ինչի հետեւանքով կինը 57 oր նախնական կալանքի տակ էր գտնվել: Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ 2011թ. հոկտեմբերի 8-ին ժամը 04-ի սահմաններում Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի գյուղապետ Ազատ Ղուկասյանի կազմակերպմամբ Աննա Մկրտչյանի ծննդաբերությունն ընդունելու եւ նորածնին դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով գնացել է նույն գյուղում գտնվող Ա.Մկրտչյանի տան բակ: Այնտեղ նրա ծննդաբերությունից անմիջապես հետո՝ կատարելով Ազատ Ղուկասյանի ցուցումները, նորածնին տարել է Աննա Մկրտչյանի տնամերձ այգի, որտեղ էլ նորածնին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինիս շնչուղիները խոտազանգվածով փակելով, խեղդամահ անելու եղանակով սպանել է:
Մեղադրյալի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանն ու Ամալյա Ավագյանը մասնավոր հարցումներ էին կատարել Գորիսում, քանի որ Ա.Ենոքյանը պնդում էր, որ ինքն անմեղ է, որ դեպքի ժամանակ հերթապահել է աշխատանքի վայրում՝ «Գորիս» բժշկական կենտրոնում, որտեղ նա աշխատում է որպես բուժքույր, ուստի չէր կարող գնալ ու կատարել նման հրեշավոր արարք: Մասնավոր հարցման ենթարկված անձինք պաշտպանական կողմի միջնորդությամբ նախաքննական մարմնի կողմից հարցաքննվել էին որպես վկաներ եւ փաստել, որ իրոք Ալիսա Ենոքյանը չի բացակայել աշխատանքի վայրից: Նախաքննական մարմնի որոշմամբ անցկացված դատաձեռագրաբանական ու դատաթղթաբանական փորձաքննություններով նույնպես պարզվել էր, որ այդ օրը բուժքույրն իրոք գրառումներ է կատարել հիվանդանոցում եւ որ դրանց վաղեմությունը համապատասխանում է մեկ տարի առաջվա ժամանակահատվածին:
ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության քննիչ Վարդանյանն ու գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Հովհաննիսյանը դատարանում հրաժարվել էին կալանքի ժամկետը երկարացնելու իրենց միջնորդությունից եւ մեկ օր անց, 57 oր նախնական կալանքի տակ գտնվելուց հետո, Ա.Ենոքյանն ազատ էր արձակվել «Աբովյան» ՔԿՀ-ից, նրա նկատմամբ ընտրվել էր չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը, ապա ավելի ուշ այդ խափանման միջոցն էլ էր վերացվել: Ի վերջո, Ա.Ենոքյանի այլուրեքությունը հաստատվելու արդյունքում գործը կարճվել էր եւ քրեական հետապնդումը դադարեցվել:




























