Մոսկվայում «Օլիվա» ռեստորանում հրաձգության ձերբակալված մասնակիցներից 13-ը հայաստանցիներ են: Նրանց մոտից խուզարկության արդյունքում թմրանյութ են գտել, հայտնել են Մոսկվայի ՆԳ վարչության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդվում էր 16 անձանց ձերբակալության մասին: Ինչպես այսօր գրել է «Նովիե իզվեստիան», արդյունքում ոստիկանությունում են հայտնվել բախման 19 կասկածյալներ: Նրանց ձերբակալման գործողությունն իրականացվել է մի քանի փուլով: Նախ Մոսկվայի տարբեր շրջաններում օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են Հայաստանից ժամանած 13 անձի, ապա եւս 6 կասկածյալների:

Հաղորդվում է, որ նրանք ակտիվորեն դիմադրել են` բարիկադավորվելով տան մեջ: Ոստիկանները ստիպված են եղել տունը վերցնել գրոհով: Տան խուզարկության արդյունքում հրազեն, նաեւ նռնակ է առգրավվել: Երեք հայաստանցիների մոտ թմրանյութ է եղել, այդ թվում` 3,9 գրամ հերոին:

Վարչության պետ Անատոլի Յակունինը նշել է, թե ձերբակալվածները «հանդուգն հետաքրքիր խումբ» են որը նախկինում արդեն անհանգստացրել է մոսկվացիներին: Նա նշել է, թե տարվում է խմբավորման մյուս անդամների որոնումը:

«ՕԼիվա» ռեստորանում բախումը տեղի էր ունեցել փետրվարի 11-ին: Չնայած կողմերը իրար վրա տասնյակ գնդակներ են արձակել, վիրավորվել էր միայն ռեստորանի այցելու, 38-ամյա Արթուր Հակումյանը: Ընդամենը կռվին 40 մարդ էր մասնակցել:

«Օլիվա» ռեստորանի անձնակազմը չէր կարողացել ինքնուրույն վնասազերծել կռվողներին, նաեւ չէր ահազանգել իրավապահներին, արդյունքում մեկ ամսից ավելի էր պահանջվել խմբին գտնելու համար: