Հայաստանում իշխանափոխության ուղիներից մեկը քաղաքացիական անհնազանդությունն է: Մարտի 18-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Նրա խոսքով, իշխանության շարքերում ճգնաժամ է նկատվում, եւ եթե մինչեւ ապրիլի 9-ը քաղաքական ուժերը չկարողանան հաղթահարել այն, հասարակությունն իրավունք եւ պարտականություն կստանա անցնելու քաղաքացիական անհնազանդության ակցիաների:
«Դրա ամենաարդյունավետ միջոցներից մեկը հարկերի չվճարումն է: Հիմնական ռեսուրսը, որից օգտվում է իշխանությունը, բյուջեի կառավարումն է: Իսկ դրա կառավարումն իրականացվում է ոչ թափանցիկ, եթե հաշվի առնենք, որ ինքը իշխանությունը վաղուց հայտարարում է կոռուպցիայի մասին: Հետեւաբար, հասարակությունն իրավունք ունի հրաժարվել ռեժիմին հարկեր վճարելուց, որն այդ հարկերը չի ծառայեցնում ժողովրդին»,- նշել է Ղուկասյանը:
Նրա խոսքով, քաղաքացիական անհնազանդության փուլում իշխանությունը ժամանակավորապես կարող են վերցնել խորհրդարանում ընտրված ուժերը: Նա նաեւ նշել է, որ եթե իշխանությունն ուժ կիրառի հանրահավաքների եւ ակցիաների մասնակիցների նկատմամբ, ողջ մեղքն ու պատասխանատվությունը կկրի նա, քանի որ քաղաքացիական անհնազանդությունը յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքն է:
Ղուկասյանը նաեւ նշել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ փոխզիջումն անհնարին է: «Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է իր պահանջները, կամ իրեն հանձնել իշխանությունը, կամ արմատական սահմանադրական փոփոխություններ իրականացնել, առնվազն պատժել կեղծարարներին, այդ պահանջներից ոչ մեկին իշխանությունը չի գնացել: Հովհաննիսյանը չի ուզում նահանջել, հետեւաբար փոխզիջումն անհնարին է»,- նշել է Ղուկասյանը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























