Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փետրվարի 16-ին հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի Հանրապետության պետքարտուղար, արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդարանի փոխնախագահը հույս է հայտնել, թե Սաուդաբաեւի այցը հնարավորություն կտա անմիջականորեն ծանոթանալու տարածաշրջանի խնդիրներին, քննարկելու Հայաստան-ԵԱՀԿ հարաբերություններին առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր: Հայաստանը կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, որը կարեւոր դեր է ստանձնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, առանձնապես կարեւորել է միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դնելու Ղարաբաղի ժողովրդի օրինական պահանջը:

ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը համոզմունք է հայտնել, որ խաղաղ բանակցությունների միջոցով հարցի կարգավորումը միակ ընդունելի տարբերակն է, իսկ լիակատար արդյունքի հասնելու համար առաջնային կլինի հակամարտող կողմերի բարի կամքի դրսեւորումն ու փոխզիջումների գնալու պատրաստակամությունը:

ԵԱՀԿ գործող նախագահը լսել է նաեւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների տեսակետները: