Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի (ԳԵԴ) վերագործարկման եւ վերազինման ծրագրի շրջանակներում, մարտի 15-ին Հայաստանի ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հ. Պետրոսյանը, «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի ժ/պ Ս. Մարգարյանը, նույն ՊՈԱԿ-ի դիտացանցերի տարածքային վարչության պետ Ռ. Ստեփանյանը, ԳԵԴ վարիչ Լ. Հախվերդյանն այցելել են դիտարան:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի նպատակն էր ճշգրտել դիտարանի թունելախորշում տեղադրված սարքերից երեքի՝ դեֆորմոգրաֆի, թեքաչափի եւ լազերային ինտերֆերոմետրի այսօրվա վիճակը եւ դրանց արագ վերականգնմանն ուղղված քայլերը: Ուշադրությունից դուրս չի մնացել նաեւ սարքերից ստացվող տվյալների գրանցման համակարգը, որը տեղադրված է դիտարանի շենքում:
Զննության արդյունքում արվել են գրառումներ եւ բազմաթիվ լուսանկարներ: Դրանք նաեւ կտրամադրվեն Ռուսաստանի Դաշնության ԳԱԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտի (ԵՖԻ) մասնագետներին, որոնք ժամանակին նախագծել եւ տեղադրել են նշված սարքերը:
Մոսկովյան ինստիտուտը պատրաստակամ է մասնակցելու ԳԵԴ նշված սարքերի վերագործարկման աշխատանքներին՝ հիմք ընդունելով ՍՊԱԾ-ի եւ Երկրի ֆիզիկայի ինստիտուտի միջեւ գործող Փոխըմբռնման Հուշագիրը եւ շարունակելով երկարամյա համագործակցությունը:





























