Սահմանադրական դատարանում ընտրությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի պարզաբանումները հասարակությանը շատ բան կտային, այսօր՝ մարտի 18-ին, լրագրողներին ասել է նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: 

«Որպես երկրում իրավական ռեժիմի երաշխավոր` նախագահը կարող էր  մեկնաբանել իրավապահ մարմինների շատ գործողություններ, քանի որ այս անգամվա չափ ընտրախախտումներ երբեք չէր գրանցվել, ընդ որում՝ քրեական բնույթի խախտումներ», – ասել է Ղուկասյանը:

Ըստ նրա` իրավական ճնշումը գոյություն ուներ նախագահական քարոզարշավը սկսելուց դեռ շատ առաջ:  Դա արտահայտվեց նախագահի հավանական թեկնածու, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ քրեական մեղադրանքներով: Մեկ այլ մեղադրանք առաջադրվեց արդեն ընտրություններից հետո` նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին: Վերջապես, եւս երկու գործ է հարուցվել Պարույր Հայրիկյանի գործով եւ հենց Անդրիաս Ղուկասյանի էլեկտրոնային հասցեն ապօրինի կոտրելու փաստով: 

Նա հավելել է, որ իրավապահ մարմիններ չեն քննել ընտրությունների օրը տեղ գտած խախտումների վերաբերյալ լրատվամիջոցների 187 հրապարակումներից եւ ոչ մեկը: «Իրավապահ մարմինները եզրակացրել էին, որ դրանցից ոչ մեկում հանցագործության տարր չկա: Ստացվում է, որ լրատվամիջոցները վերածվում են պարզապես տեղեկություն փոխանցողների եւ ոչ ավելին:  Կամ էլ նրանք այնքան անգրագետ են, որ չեն կարողացել  այդ խախտումները ներկայացնել բավականին համոզիչ: Իսկ եթե դա այդպես չէ, ապա իրավապահ մարմինները պետք է բացատրեին, թե ինչ հիմունքով են այդպես վարվել», – ասել է Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել էր ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հայցերը: